Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

«Պետք է կրթվել ու կրթվել, այլապես մեր դիմանկարը կդառնա անհասկանալի, չճանաչելու չափ աղավաղված»

«Պետք է կրթվել ու կրթվել, այլապես մեր դիմանկարը  կդառնա անհասկանալի, չճանաչելու չափ աղավաղված»
22.05.2015 | 05:11

«Իրատեսի» հյուրն է ՆԱՐԻՆԵ ԴԵԼԼԱԼՅԱՆԸ:

«ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԵԼԼԱԼՅԱՆԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ԱՅԼԵՎ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԴԺՎԱՐ Է ԿԱՆԽՈՐՈՇԵԼ, ԹԵ ԵՐԲ Է ԳԱԼՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԺԱՄԱՆԱԿԸ»


-Նարինե, Ձեր հայրը՝ Հարություն Դելլալյանը, զարմանալի ճակատագրի տեր անձնավորություն է եղել: Սևագործ բանվորությանը զուգահեռ՝ հասուն տարիքում ստացել է երաժշտական կրթություն, ապա դարձել ժամանակակից հայ երաժշտարվեստի նշանավոր դեմքերից մեկը, մի կոմպոզիտոր, որը համադրում էր ավանդական, դասական հայ երաժշտության տարրերը ժամանակակից ընկալումների հետ և ստանում իր ուրույն երաժշտական հորինվածքը: Նրան բնութագրող մեր այսօրվա երաժշտական աշխարհի անվանիները՝ Տիգրան Մանսուրյանը, Հասմիկ Պապյանը, Արթուր Փափազյանը, Արայիկ Մանուկյանի «Հարություն» ֆիլմում այն միտքն էին արտահայտում, թե Հարություն Դելլալյանին հասկանալու, գնահատելու ժամանակը դեռ չի եկել: Փաստորեն, նրա գործը ապագային միտված արժեք է: Ե՞րբ է սպասվում այդ ապագան, ո՞րն է Հարություն Դելլալյանի ժամանակը՝ ըստ Ձեզ:
-Այս տարի լրանում է հայրիկիս մահվան 25 տարին, և Արայիկ Մանուկյանի հեղինակած ֆիլմը կարծես ճիշտ պահին ասված հիշեցման խոսք էր՝ ուղղված բոլորիս։ Այս խորհրդանշական անդրադարձի համար խորին շնորհակալությունս: Իսկ Ձեր հարցին դժվարանում եմ ընդհանրացված պատասխան տալ, քանի որ մեր իրականությունը միանշանակ ու միատեսակ չէ։ Մի կողմից` հոգևոր արժեքները կասկածելի դաշտում են հայտնվել։ Կարծես խախտվել է կապը մեր մեծերի հետ։ Արդյո՞ք ճանաչում ենք նրանց ընդհանրապես, որքանո՞վ են նրանք կարևոր մեզ համար: Կարծես դադարել ենք նրանց թողած ժառանգության կրողը լինելուց: Ոչ միայն Հարություն Դելլալյանի պարագայում, այլև ընդհանրապես դժվար է կանխորոշել, թե երբ է գալու վերադարձի ժամանակը։ Գոյացած անջրպետը փոքրացնելու համար պետք է կրթվել ու կրթվել, այլապես մեր դիմանկարը կդառնա անհասկանալի, չճանաչելու չափ աղավաղված։ Թե որքան կտևի այդ դարձի ժամանակը, կախված է մեզնից, մեր հոգևոր անհրաժեշտություններից։ Այս ամենի կողքին, սակայն, Հայաստանը կա ու շարունակում է մնալ այն թեժ մտավոր անկյունը, ուր միտքը եռուն սնդիկի է նման։ Տվե՛ք հային հնարավորություն, մի՛ կտրեք նրա թևերը, և նա կանի անհավանականը։ Ինչ վերաբերում է հայրիկիս, ապա նրա ստեղծագործությունները կատարող ավագների կողքին ամեն անգամ հաճելիորեն ավելանում են երիտասարդները. սա հատկապես ոգևորող փաստ է։ Հայկական գենը փայլող է, անչափ վառ, շարունակ նոր: Հիանալի ստեղծագործողներ են հայտնվում գրականության, նկարչության մեջ, որոնք համաշխարհային չափանիշների լիարժեք կրողներ են, և երբ ներկայանալու հնարավորություն է ստեղծվում, աշխարհը հիանում է նրանցով։ Երբ հայի եռուն միտքը ծառայում է բարձր արժեքների, հրաշքներ է արարում։ Վկա՝ մեր մեծերը։
-Ինչպե՞ս է ստեղծվել «Դելլալյան» տրիոն: Ի՞նչ նպատակի շուրջ է այն ձևավորվել:
-Ես, ամուսինս՝ թավջութակահար Լևոն Մուրադյանը, որ որդին է Հայրիկ Մուրադյանի, քույրս՝ դաշնակահար Մարինա Դելլալյանը, արդեն երկար տարիներ համագործակցում ենք տրիոյի շրջանակներում: Ես նաև Պորտուգալիայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարներից եմ։ Լևոնը նվագում է Գյուլբենկյան նվագախմբում, ունենում մենահամերգներ, անցկացնում կատարողական արվեստի դասընթացներ։ Քույրս նույնպես դասավանդում է, մենահամերգներով հանդես գալիս։ Այս ամենը զուգորդում ենք տրիոյի գործունեությանը։ Բացի դասական ծրագրերից՝ մեր գլխավոր նպատակը հայկական երաժշտության տարածումն է։ Միշտ փնտրում ենք հայ կոմպոզիտորների նոր ստեղծագործություններ: Կատարում ենք Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Տիգրան Մանսուրյանի, Էդվարդ Միրզոյանի, Վաչե Շարաֆյանի, իհարկե նաև Հարություն Դելլալյանի ստեղծագործությունները: Հայրս, դժբախտաբար, չհասցրեց գրել տրիո, բայց ունի ջութակի և դաշնամուրի, թավջութակի և դաշնամուրի, միայն դաշնամուրի համար գրված սոնատներ, որոնք պարբերաբար ընդգրկում ենք մեր համերգային ծրագրերում: Իսկ տրիոյի անվանումն անշուշտ հարգանքի տուրք է հայրիկիս։
-Հայաստանում այդպիսի կոլեկտիվ ստեղծելը և պահելը մեծ խնդիր է, մեծ շռայլություն: Ի՞նչ է դա նշանակում Պորտուգալիայի պարագայում: Ինչի՞ հաշվին է գոյատևում ձեր տրիոն:
-Շատ համերգներ են կազմակերպվում, դրա անհրաժեշտությունը կա։ Դա վերաբերմունքի կամ գնահատանքի հարց է, թերևս։ Իսկ մեզ լավ են ճանաչում այնտեղ, որը և հեշտացնում է գործը։ Հաճախ հենց նրանք են դիմում մեզ՝ այս կամ այն դահլիճում այս կամ այն միջոցառմանը մասնակցելու առաջարկով։ Դա մեր ստացած կրթության, հայկական կատարողական դպրոցի որակների և անհատի արժանիքների միաձուլման արդյունքն է, անշուշտ։ Իսկ Լևոնը, չնայած ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայում, բացի իր հրաշալի մանկավարժից, կողքին ունեցել է նաև հայկական երաժշտության այնպիսի մեծեր, ինչպիսիք են Հայրիկ և Մարո Մուրադյանները, որոնք ազգագրական մշակույթի հիմքով նրան են փոխանցել վերաբերմունքը երաժշտության նկատմամբ։ Միգուցե մեր ժողովրդական մեղեդու ջերմությունն է շաղախվել նրա թավջութակի ձայնին, որը գերում ու հիացնում է ցանկացած ազգի ունկնդրի:
-Ձեր ընտանիքում հայրը և դուստրերը գրեթե միաժամանակ են ստացել երաժշտական կրթություն: Երաժշտական կրթությունն սկսել յոթ-ութ տարեկանից ուշ, գոնե իմ սերնդի համար, համարվում էր աննպատակահարմար: Ինչպե՞ս էիք դուք՝ երկու տարբեր սերունդների ներկայացուցիչներդ, ինքնադրսևորվում երաժշտական կրթության ասպարեզում:
-Հայրս բացառիկ դեպք էր. անկախ այն փաստից, որ մանուկ տարիքում չէր ստացել համապատասխան կրթություն, նա ուներ կարևոր կոչում։ Նա ծնված էր որպես արվեստագետ։ Շատերը սովորում են ու դառնում: Նա ծնվել էր այն հոգով, որը վաղ թե ուշ պետք է ժայթքեր, դուրս գար։ Եթե այս կերպ ենք նայում հարցին, մարդու ապրած կյանքին ու թողածին, ապա կորսված տարիները, տարիքի հետ կապված հանգամանքները դառնում են չնչին։ Ի վերջո, այն փաստն է կարևոր, թե մարդ ինչ է թողնում իրենից հետո այս կյանքում։ Ես և քույրս բոլորովին այլ մթնոլորտում ենք մեծացել։ Մեր տունը արվեստով էր շնչում, և երաժշտություն սովորելու մեր ցանկությունը եղավ բնական։ Ես ինքս եմ որոշել, թե ինչ եմ ուզում դառնալ, և երբեք չեմ կասկածել իմ ընդունած որոշման հարցում։ Շատ փոքրուց ժամերով կարող էի լսել ջութակ և չհոգնել։ Շատ հետաքրքիր տարիներ էին մեր ուսման տարիները: Բոլորս սովորում էինք։ Ես և քույրս՝ ձևավորվող մարդու բնական ընթացքով, հայրս՝ մտածող ու տրամաբանող մարդու հասունությամբ։

«ՀԱՅՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԴԵՐԸ ՀԱՅԻ ՍԵՐՈՒՆԴ ԿՐԹԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ Է»


-Ի՞նչ գործառույթ է իրականացնում «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպությունը, որի նախագահն եք:
-Հպարտությունը ունեմ հայտնելու, որ այս տարվանից գործում է մեծ հայի անունը կրող մշակութային հասարակական կազմակերպությունը: Հայրիկ Մուրադյանի դերը հայի սերունդ կրթելու գործում անգնահատելի է։ Ավանդական մշակույթի ճանաչման ու տարածման գործում նա եղել է այն եզակիներից, որ անկախ մինչև 60-ական թվականները ազգային մշակույթը ոգեկոչելուն խոչընդոտող հանգամանքներից, հնչեցրել է հայի երգը՝ իր շուրջը համախմբելով տասնյակ հարյուրավոր մարդկանց։ Դա ազգային ոգու զարթոնքի սկիզբն էր։ Նրա շնորհիվ ստեղծվեցին համույթներ՝ «Վանը», «Ակունքը», որոնք հիմա էլ գործում են խմբերի նվիրյալների շնորհիվ ու իրենց հետևից տանում նորանոր սերունդներ։ Մեր նպատակն էլ նույնն է՝ օգտակար լինել մշակույթի վերելքին։ Այս պահին «Կորսված ժառանգություն» ծրագրի նախապատրաստական աշխատանքներն ենք ավարտում: Այն իրագործում ենք ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Հայաստանի չորս մարզում ¥Վայոց ձոր, Շիրակ, Գավառ, Արմավիր¤ մեր մասնագետները մանուկների և երիտասարդների համար պետք է անցկացնեն ավանդական երգի և պարի դասընթացներ: Այս ծրագրի նպատակն է մատաղ սերնդի մեջ կրկին ու կրկին արթնացնել կայծը, ազդակները հայ ավանդական երգ ու պարի նկատմամբ: Համագործակցում ենք «Կարին» ազգագրական համույթի մասնագետների հետ: Մեր մարզային գործընկերների աշխատանքին ևս մեկ ծրագրով նպաստելու առաքելություն է սա։ Այս պահին աշխատում ենք երկու սկավառակների, տեղեկատվական գրքույկի թողարկման վրա, որոնք բաժանելու ենք մարզերի երեխաներին, որ նրանք նաև ինքնուրույն կարողանան սովորել մեր ազգային երգն ու պարը, տարածել դրանք իրենց ընկերների շրջանում: Եթե բյուջեն թույլ տար, շատ կցանկանայի մեր ծրագիրը հասցնել նաև հեռավոր մարզեր: Բայց վստահ եմ՝ որտեղ էլ այն իրականացվի, անհրաժեշտությունը կա: Այս ծրագրից հետո ձեռնամուխ կլինենք այլ մշակութային նախաձեռնությունների։


«ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԱՊՐԱԾ ՏԱՐԻՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՐՁՈՒՄ ԵՄ ՏԵՍՆԵԼ ԴՐԱԿԱՆԸ»


-Ապրելով Պորտուգալիայում՝ ինչպե՞ս եք իրագործելու նման ծրագիր ՀՀ տարածքում:
-Ես շատ հաճախ եմ լինում Հայաստանում և վստահ եմ, որ մի օր մշտապես եմ վերադառնալու տուն։
-Ես այն կարծիքին եմ, որ Հայաստան վերադարձողներ գրեթե չկան: Միշտ ուրախ եմ լինում, երբ կարծիքս ժխտող օրինակների եմ հանդիպում: Ինչպե՞ս եք հանգել այդ նպատակին:
-Երևի մարդկային տեսակի հարց է: Ամեն մեկս ունենք մեր անցնելիք ճանապարհն այս կյանքում: Մերն էլ այսպես է ստացվել: Հայաստանից դուրս ապրած տարիների մեջ փորձում եմ տեսնել դրականը: Շատ կարևոր են համաշխարհային շփումները ցանկացած մասնագետի համար. եթե մենք, մերը ճանաչելով, զուգահեռաբար կարողանանք հավաքել դրական համամարդկայինը, ավելի կհարստանանք: Մենք հզոր մասնագիտական ռեսուրսներ ունենք ամբողջ աշխարհում, որի մասին հրաշալի գիտեն և օգտվում են օտարները։ Կարծում եմ՝ երբ մեր հայրենակիցները զգան, որ հայրենիքն իրենց կարիքը ունի, շատերը կվերադառնան։ Մյասնիկյանը խորհրդային հանրապետության կայացման ժամանակ Հայաստան հրավիրեց Թամանյանին, Սարյանին, Աճառյանին, այլ անվանի մտավորականների, որպեսզի ոտքի կանգնեցներ հանրապետությունը: Ես չեմ ուզում զուգահեռներ տանել ո՛չ ժամանակների, ո՛չ էլ անձանց միջև, բայց գիտեմ, որ շատ շատերը կուզենան իրենց ուժերը ներդնել ազգի համար։ Դժվարություններն էլ, գիտեմ, անխուսափելի են այդ ճանապարհին, բայց դրանք պատճառ չեն հայրենիքից խուսափելու համար:
-Այսինքն՝ Դուք պատրանքներ չունե՞ք, գիտե՞ք, որ ամեն բան այնքան էլ լուսավոր ու հարթ չի լինելու հայաստանյան կյանքում:
-Իհարկե գիտեմ: Այստեղ որևէ բան հեշտ չի տրվում, դռները մեծ դժվարությամբ են բացվում, եթե բացվում են առհասարակ։ Բայց երբ վստահ ենք մեր արածի կարևորության մեջ, չպետք է ընկրկենք, պետք է պայքարենք՝ հանուն մեծ նպատակի։


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2335

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ